Սիրիական օդուժի հարվածների հետևանքով Թուրքիան Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի. սիրիական բանակին աջակցող ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է կատարվածը, Էրդողանի խոսնակը` սպառնացել

12:48 • 28.02.20

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը գիշերը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Նահանգապետ Դողանը փետրվարի 27-ի երեկոյից սկսած մի քանի հայտարարություն է արել` տեղեկացնելով սկզբից 9, հետո 22, ապա` 29 զոհի մասին: Նրա վերջին հայտարարության համաձայն` թուրքական բանակի կորուստների թիվը հասել է 33-ի, միևնույն ժամանակ նահանգապետը նշել է, որ վիրավոր և հոսպիտալացված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Յումիթ Դյունդարի և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքյուզի հետ միասին մեկնել է թուրք-սիրիական սահման, որտեղից ղեկավարում է թուրքական բանակի գործողությունները սիրիական Իդլիբում: Այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը:

Փետրվարի 27-ի ուշ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավիրած անվտանգության խորհրդի նիստից հետո նախարար Աքարը երկու գեներալների հետ մեկնել է սահման:

Նրանք գտնվում են Հաթայ նահանգի մարտավարական հրամանատարության կենտրոնում: Ռազմական բարձրագույն ղեկավարությունը ղեկավարում է ցամաքային և օդային ուժերի գործողություններն Իդլիբում:

Սիրիական Իդլիբում տեղի ունեցածին անդրադարձել է ԱՄՆ-ն: Ինչպես РИА Новости գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում, ԱՄՆ-ն անհանգստացած է սիրիական Իդլիբում թուրք զինծառայողներին ուղղված հարվածներից և աջակցություն է հայտնում ՆԱՏՕ-ի իր դաշնակցին` կոչ անելով անհապաղ դադարեցնել հարձակումները: 

Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ԱՄՆ-ն «աջակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին», և կոչ են արել անհապաղ դադարեցնել «Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի հարձակումները»:

«Մենք քննարկում ենք այս ճգնաժամում Թուրքիային աջակցելու լավագույն տարբերակները»,-ավելացրել են ԱՄՆ պետդեպարտամենտում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել:

«Նա կոչ է անում թոթափել իրավիճակն այս վտանգավոր իրավիճակում, որպեսզի հնարավոր լինի խուսափել այս հումանիտար ճգնաժամի վատթարացումից»,-ասել է դաշինքի ղեկավարի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

Կատարվածին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքըն` հայտարարելով, որ «Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար», որոնց ժամանակ 30-ից ավելի թուրք զինծառայող է մահացել: 

Խորհրդականը նշել է, որ Ռուսաստանը, որտեղ 25 միլիոն մահմեդական է ապրում, «կմասնատվի ներսից»:

«Մենք Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք անցյալում, և նորից դա կանենք, մեր վրեժը շատ դաժան կլինի»,- ասել է Հաքըն:

Մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը, որն աջակցում է Սիրիայի կառավարական բանակին: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ փետրվարի 27-ին սիրիական բանակի բացած կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները գտնվում էին հարձակումներ կատարած գրոհայինների շարքերում: 

«Փետրվարի 27-ին Բեհուն բնակավայրի մոտակայքում սիրիական զորքերի կրակի տակ են հայտնվել թուրք զինծառայողներ, որոնք գտնվում էին ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում»,-նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Նախարարությունից հայտնել են նաև, որ ահաբեկչական «Հայաթ Թահրիր ան-Շամ» խմբավորումը (հայտնի է նաև «Ջեբհաթ ան-Նուսրա» անունով) Իդլիբի անվտանգության գոտում փորձել է լայն ճակատով հարձակում գործել Սիրիայի կառավարական ուժերի վրա:

Նախարարությունում նշել են, որ վերջին օրերի ընթացքում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից ճշգրտվել և հաստատվել են ահաբեկիչների ռազմական գործողությունների շրջաններում Թուրքիայի զինված ուժերի գտնվելու կոորդինատները: Թուրքական կողմի տրամադրած տեղեկությունների համաձայն` Բեհուն բնակավայրի մոտակայքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ «չեն եղել և չպետք է լինեին»: 

«Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը սիրիական զորքերի պատասխան կրակի հետևանքով  հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով մշտական կապի մեջ է Իդլիբի համակարգման կենտրոնի հետ»,-հստակեցրել են նախարարությունում:

Գերատեսչությունում հավելել են, որ ռուսական ավիացիան սիրիական Բեհուն բնակավայրի մոտակայքում, որտեղ թուրք զինծառայողներ են մահացել, հարվածներ չի հասցրել:

Ռուսական գերատեսչությունում նշել են նաև, որ թուրք զինծառայողների մահվան մասին իմանալուց հետո ձեռնարկվել են բոլոր քայլերը, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի կրակը: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: