Իդլիբում կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները գտնվում էին գրոհայինների շարքերում. ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է կատարվածը

11:48 • 28.02.20

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 27-ին սիրիական բանակի բացած կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները գտնվում էին հարձակումներ կատարած գրոհայինների շարքերում: Այս մասին տեղեկացնում է tvzvezda.ru-ն:

«Փետրվարի 27-ին Բեհուն բնակավայրի մոտակայքում սիրիական զորքերի կրակի տակ են հայտնվել թուրք զինծառայողներ, որոնք գտնվում էին ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում»,-նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Նախարարությունից հայտնել են նաև, որ ահաբեկչական «Հայաթ Թահրիր ան-Շամ» խմբավորումը (հայտնի է նաև «Ջեբհաթ ան-Նուսրա» անունով) Իդլիբի անվտանգության գոտում փորձել է լայն ճակատով հարձակում գործել Սիրիայի կառավարական ուժերի վրա:

Նախարարությունում նշել են, որ վերջին օրերի ընթացքում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից ճշգրտվել և հաստատվել են ահաբեկիչների ռազմական գործողությունների շրջաններում Թուրքիայի զինված ուժերի գտնվելու կոորդինատները: Թուրքական կողմի տրամադրած տեղեկությունների համաձայն` Բեհուն բնակավայրի մոտակայքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ «չեն եղել և չպետք է լինեին»: 

«Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը սիրիական զորքերի պատասխան կրակի հետևանքով  հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով մշտական կապի մեջ է Իդլիբի համակարգման կենտրոնի հետ»,-հստակեցրել են նախարարությունում:

Գերատեսչությունում հավելել են, որ ռուսական ավիացիան սիրիական Բեհուն բնակավայրի մոտակայքում, որտեղ թուրք զինծառայողներ են մահացել, հարվածներ չի հասցրել:

Ռուսական գերատեսչությունում նշել են նաև, որ թուրք զինծառայողների մահվան մասին իմանալուց հետո ձեռնարկվել են բոլոր քայլերը, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի կրակը:    

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է  ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Ավելի վաղ «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները: