ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զորակցություն է հայտնել Թուրքիային և ցավակցել զինծառայողների մահվան կապակցությամբ

17:42 • 28.02.20

ՆԱՏՕ-ն դատապարտում է Սիրիայում գրանցված էսկալացիան, ցավակցություն է հայտնում զոհված թուրք զինծառայողների ընտանիքներին և զորակցություն հայտնում Թուրքիային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Հյուսիսատլանտյան խորհրդի դեսպանների մակարդակով արտահերթ նիստի ավարտին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթին:

«Այսօր Թուրքիան բացատրեց իրավիճակն անվտանգության ոլորտում, դաշնակիցները ցավակցություն են հայտնում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ, նրանք նաև դատապարտել են Իդլիբ նահանգում Ռուսաստանի աջակցությամբ սիրիական ռեժիմի հարձակումները»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նաև հավելել է, որ դաշնակիցներն էսկալացիայի դադարեցումն անհրաժեշտ են համարում:

«Կոչ ենք անում դադարեցնել հարձակումը, հետևել միջազգային իրավունքի նորմերին, աջակցել խնդրին խաղաղ լուծում գտնելու ՄԱԿ-ի ջանքերին»,- շեշտել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: