Լավրովը ցավակցել է Թուրքիային Սիրիայում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ
Մոսկվան ցավակցություն է հայտնել Անկարային Սիրիայում թուրք զինվորների մահվան կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Մենք ցավակցություն ենք հայտնում և, կրկնում եմ ևս մեկ անգամ, անում ենք ամեն բան, որպեսզի Իդլիբի շրջանում դեէսկալացիայի ռեժիմն ապահովող թուրք զինծառայողների անվտանգութունն ապահովենք: Եվ մեր զինվորականները պատրաստ են այդ աշխատանքը շարունակել»,- հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:










