Էրդողանն Իդլիբի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բուլղարիայի և Հունգարիայի վարչապետների հետ
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Ֆահրեթթին Ալթունի փետրվարի 28-ի հայտարարության համաձայն` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ դատապարտում է փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրքական զորամիավորումների վրա կատարված հարձակումը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Իդլիբում տեղի ունեցած հարձակումը, Սիրիայում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ընդգծվել են այն ընդհանուր քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար: Այս հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սիրիական ճգնաժամը լուծելու հարցում:
Այնուհետև Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հնարավոր հետևանքները, ինչպես նաև այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն համագործակցության շրջանակում:
Թուրքիայի նախագահը զանգահարել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Այս հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունները, սիրիական հարցն ու տարածաշրջանային այլ խնդիրներ, ինչպես նաև թուրք-հունգարական երկկողմ հարաբերությունները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հինգշաբթի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը երեկ հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:










