Չեմ ասում, որ մենք անթերի ենք, բայց հանրությանը պետք չէ հրամցնել, թե զինծառայողները բացասական ենթամշակույթ կրող են. Գաբրիել Բալայանը՝ որոշ իրավապաշտպաններին վերաբերող իր հայտարարության մասին

14:57 • 03.03.20

Վարչապետի հանձնարարականով այժմ զինված ուժերում ավելի խիստ վերահսկողություն է իրականացվում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Դիտարկմանը՝ եթե վարչապետն ասում է, որ 2019թ. մահերի թվով պատմական մինիմում է եղել, ապա ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի հեռացումն ինչո՞վ կբացատրի՝ նա ասաց, վարչապետն այն իրավասու պաշտոնատար անձն է, որը կարող է համապատասխան հետևություններ անել աշխատանքի որակից: Նա նշեց, որ ունի իր սուբյեկտիվ կարծիքը, որը, սակայն չի հրապարակայնացնի:  

Հարցին էլ՝ զոհված զինծառայողների ծնողներն ասում են, որ բանակում կա անպատժելիության մթնոլորտ և մահվան դեպքերի համար պատասխանատու պաշտոնյաները պետք է վաղուց պատիժ կրեին, բայց անպատժելի են, նա արձագանքեց. «Եթե մենք ուզում ենք գնալ իրավական պետություն կառուցելու ճանապարհով, ապա պետք է օրենքի շրջանակում խոսենք, թե ինչ է հնարավոր օրենքով անել այս կամ այն պաշտոնյայի թերացման հետևանքով: Գոյութուն ունի Քրեական դատավարության, Քրեական օրենսգրքերը, Զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը, ցանկացած պատիժ պետք է քննարկել սրանց շրջանակներում: ՊՆ-ն կարող է միայն կարգապահական կանոնագրքի շրջանակներում գործել, Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքի իրավասություններն իրականացնելն իրավական մարմինների գործառույթն է: Ակնկալել ՊՆ-ից, որ իրականացնի այնպիսի գործողություն, որի իրավասությունը չունի՝ սխալ է»,- հայտարարեց նա:

Բալայանը նշեց, որ կան իրավապաշտպաններ, որոնք շատ կառուցողական մթնոլորտում են գտնվում, անգամ իրենց կողմից մեզ հղած հարցումներից շատ լուրջ վերլուծության հետևություններ ենք անում, բայց, ցավոք սրտի, ոչ բոլորն են այդպիսին:

Դիտարկմանն էլ՝ վերջերս Բալայանը հայտարարել էր, թե Կան որոշ «իրավապաշտպաններ», որոնք քայքայիչ գործունեություն են իրականացնում, դրանից հետո եղան իր հրաժարականի պահանջներ, ՊՆ փոխնախարարն ասաց, որ իր համար զարմանալին այն է, որ ոչ ոք չփորձեց հերքել իր ասածը: «Մենք ունենք իրավապաշտպան կազմակերպություններ, քաղհասարակության անհատ ներկայացուցիչներ, որոնց հետ շատ լավ համագործակցություն է ընթանում և էֆեկտիվ հետևություններ են արվում մեր կողմից, ցավոք ոչ բոլոր դեպքերում է»,- ընդգծեց նա:

Բալայանի խոսքով՝ իրենք պատրաստ են ցանկացած քննադատության, եթե առողջ քննադատություն կա առաջին շահառուն իրենք ենք: «Եթե առողջ քննադատություն կա հավատացեք առաջին շահառուն հենց մենք ենք, եթե առողջ քննադատություն է լինում, դրանց հետևություններ են արվում, բայց պետք չէ հրամցնել հասարակությանը, որ բանակը, զինծառայողները, սպաները, գեներալները վատն են մնացած բոլորը լավն են: Ես չեմ ասում՝ մենք չունենք թերություններ, բայց հասարակությանը պետք չէ հրամցնել, թե զինծառայողները որոշակի բացասական ենթամշակույթ կրող են, լրիվ հակառակն է իրականում»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Գաբրիել Բալայանն ասել էր. «Կան որոշ «իրավապաշտպաններ», որոնք քայքայիչ գործունեություն են իրականացնում։ Պետք է նման «իրավապաշտպաններին» հարցնել` ինչո՞ւ եք այդքան հրճվում, երբ նման դեպք է լինում։ Ես ենթադրում եմ, որ նրանք ամեն դեպքի համար փող են ստանում»։