ՊՆ-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով (տեսանյութ)
Այսօր Ազգայի ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Զեկուցող փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով:
«Խորհրդարանին առաջարկվում է, որ 1000-դրամների հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական հերթապահության կամ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ վնասվածք ստացած այն զինծառայողները, որոնք վնասվածք են ստացել անմիջապես շփման գծում, այլ ցանկանում ենք ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կյանքին կամ առողջությանը վնաս հասցված այն դեպքերը, երբ կա առաջին կամ երկրորդ աստիճանի հաշմանդամության կարգ»,-ասաց փոխնախարարը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունեն՝ ասելով նախահարձակ գործողություն, որին Գաբրիել Բալայանն օրինակով պատասխանեց. «Խոսքն այն դեպքերի մասին է, որ կարող է լինել նաև թիկունքում, զորամասում, երբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարի, կամ հրթիռակոծի, ինչի հետևանքով զինծառայողը ստանա առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: 2008թ. մինչ այժմ նման խմբի 9 շահառու կա»,-ասաց նա:
Իսկ ինչ վերաբրում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե ինչ է լինելու այն դեպքերի հետ, երբ առանց հակառակորդի գործողության զորամասում է միջադեպ եղել, Գաբրիել Բալայանը պատասխանեց, որ այս փոփոխությունը վերաբերում է միայն հակառակորդի գործողության հետևանքով արձանագրված դեպքերին, սակայն այն դեպքերի վերաբերյալ, որոնք նշում է պատգամավորը, դրանց մասին նախարարությունն արդեն վարչապետից հանձնարարական է ստացել:
«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված մնացած դեպքերով պետական բյուջեից վճարվող գումարը բարձրացնելու նախաձեռնությունն այժմ քննարկվում է»,-ասաց նա: Ի դեպ, փոխնախարարը հայտնեց, որ հիմնադրամի շահառուների ցանկն ամենայն հավանականությամբ այս տարվա ընթացքում կփոխվի և շահառուների շեմը կիջեցվի մինչև 1998թ. դեպքեր:










