Ծաղկաձորում առաջարկվող ծառայություններն իրենց որակի համեմատ աշխարհում ամանէժաններից են, և երաշխավորում եմ, որ որևէ մեկին վնաս չի սպառնում այնտեղ. Վաղարշակ Հակոբյան (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջին օրերին Ծաղկաձորի շուրջ պտտվող խոսակցություններին և ավելորդ շահարկումներից խուսափելու համար ներկայացրեց իրավիճակը:
«Տեղեկանալով մեր հայրենակիցների «Գոլդեն փալաս» հյուրանոցում տեղակայման մասին՝ որոշակի խուճապային տրամադրություններ սկսվեցին և ինֆորմացիան տարընթերցումների տեղիք տվեց»,-ասաց նա և նշեց, որ այդ օրը վարչապետն իր ընտանիքով, այդ թվում իշխանության այլ ներկայացուցիչների հետ ժամանեցին Ծաղկաձոր:
«Իհարկե, այն ինչ տեղի է ունեցել, ոչ մեկ չէր ցանկանա նման բան լիներ, որ կորոնավիրուսը հասներ Հայաստան և այլն: Ինչու է ընտրվել այդ հյուրանոցը, որովհետև պետական այնպիսի օբյեկտ, որը մեկուսացված լինի այդպիսի տարածաշրջանում և պայմաններում, դրան այլընտրանք գոյություն չունի, որովհետև բոլոր պետական օբյեկտները վաճառվել, մասնավորեցվել են, այդ գումարները լափվել է բազմաթիվ նախկին իշխանավորների կողմից, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց նա և նշեց, որ շատ ցավալի է, որ նման դեպք է տեղի ունեցել, բայց նրանք մեր հայրենակիցներն են և պետք է ցույց տրվեր արժանապատիվ վերաբերմունք:
Պատգամավորը կոչ արեց խուճապային տրամադրությունները հեռու վանել: «Եթե ինչ-որ մեկը, կամ ոմանք մեր գործընկերներից ցանկություն ունեն օգնության ձեռք մեկնելու մեր հայրենակիցներն՝ լավագույն տարբերակն այցելելն է Ծաղկաձոր, մնալ այնտեղ, գիշերել, անպայման գնալ ճոպանուղի, դահուկ վերցնել մարզիչի օգնությամբ մարզվել: Ծաղկաձորում առաջարկվող ծառայություններն աշխարհում ամենաէժաններից են, ապահովում են ամեն ինչ և ես ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկին, գտնվելով Ծաղկաձորում, վնաս չի սպառնում և սեփական օրինակով ապացուցելու եմ առաջիկա ոչ աշխատանքային օրերին»,-ասաց նա:










