Եղեգնաձորի Նորավան թաղամասում շուրջ 700 բնակիչ ապրում է առանց կոյուղու. խնդիրը չի լուծվում, պատրաստակամություն էլ, ինչպես երևում է, չկա. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)

17:53 • 03.03.20

Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի Նորավան թաղամասում շուրջ 700 բնակիչ այսօր՝ 21-րդ դարում, ապրում է առանց կոյուղու: Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

«Տարրական այս խնդիրը տարիներ ի վեր չի լուծվում թաղամասում: Բնակիչները դիմել են ՀՀ կառավարություն: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակիչներին հորդորել է նախահաշիվ կազմել և տալ՝ խնդիրը լուծելու համար: Ինչու՞ է բնակիչը պարտավոր նախահաշիվ կազմել և տալ, դա անընդունելի է»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ թաղամասում կոյուղագիծ անցկացնելը կարժենա ընդամենը 300 միլիոն դրամ: «Ընդամենը 5710 մետր խողովակաշարն այդ մարդկանց կարող է տեղափոխել 21-րդ դար: Խնդիրը չի լուծվում, պատրաստակամություն էլ, ինչպես երևում է, չկա»,-նշեց նա:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ մարզպետն այսօր հանդիպել է բնակիչների հետ և դարձյալ անորոշ պատասխան տվել: «Ի դեպ, թաղամասը խնդրի պատճառով կոչում են «Շիվարաշեն»»,-ամփոփեց Սրբուհի Գրիգորյանը: