Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար անհրաժեշտ պաշար ունենք. ԱԻ փոխնախարար
Քանի որ հանրային լայն հետաքրքրություն է առաջացել կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված և մտահոգություն կա հասարակության մոտ, որ անհրաժեշտ պաշարներ ապահովված չեն, ես կցանկանայի հասկանալ՝ մենք ունե՞նք անհրաժեշտ պաշար և դիմակներ, և սպիրտային նյութեր դրա դեմ պայքարելու համար: Այս մասին ազգային ժողովում արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալից հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Հանրությանը հետաքրքրում է հանրապետությունը ապահովվա՞ծ է անհրաժեշտ նյութերով, որպեսզի մենք զերծ մնանք այս վարակի տարածումից և դրանից բխող հետևանքներից»,-հարցրեց նա արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանին, ով Ազգային ժողովին ներկայացնում էր «Նյութական պահուստի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի» փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Արա Նազարյանը դրական պատասխան տվեց և նշեց. «Այո՛, համապատասխան պաշարներ կան։ Բայց այլ եղանակով է պետք պայքարել վիրուսի դեմ, խնդիրը նրանում չէ, թե պահեստարաններում ինչ կա, հարկավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Ինչ վերաբերում է պահեստում որոշակի քանակությամբ համապատասխան պաշարներ լինելուն, ապա կան»:










