Կառավարությունն առաջարկում է զինվորական վարժանքներից և զորավարժությունից խուսափելու տուգանքի չափը բարձրացնել
Ազգային ժողովը քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը զեկուցում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծով առաջարկվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել` 20,000 դրամից դարձնելով 30,000 դրամ: Ըստ նախագծի՝ պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձևով` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Փոխնախարարը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկություններ որպես այդպիսին չեն եղել: «Թեև ես ակնկալում էի, որ առաջարկություններ կլինեն տուգանքի չափը բարձրացնելու վերաբերյալ, քանի որ գրեթե բոլոր խմբակցություններից արձագանքներ էին եղել, որ առաջարկվող տուգանքի չափը փոքր է»,-ասաց նա:
Ի դեպ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախ կարևորեց օրենքի նախագիծը, ապա փոխանցեց ազատամարտիկների բանավոր դիմումը, որով խնդրում են, որ տարիքային շեմի բարձրացում լինի և իրենք ևս կարողանան մասնակցել զորահավաքներին:










