Ընտրակաշառք բաժանելու մասին ֆեյսբուքյան գրառումների կապակցությամբ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է դատախազություն՝ քրգործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով. Գ. Մելոյան

18:38 • 03.03.20

Սահմանադրագետ,  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերի ընթացքում շրջանառվող լուրերին առ այն , որ «Ոչ» քարոզչական կողմի կողմից ընտրակաշառք է բաժանվում: Նա մասնավորապես նշել է, որ «Ոչ» քարոզչական կողմի վերաբերյալ նմանաբնույթ տեղեկատվություն ստանալու դեպքում խնդրում է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին և/կամ տեղեկացնել իրենց: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Վերջին օրերի ընթացքում գրանցվեցին դեպքեր, երբ ֆեյսբուքյան գրառումների միջոցով տարբեր անձինք հայտնում էին՝ «Ոչ» քարոզչական կողմի կողմից ընտրակաշառք է բաժանելու մասին, ինչի կապակցությամբ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու, նկարագրված դեպքերի փաստական հանգամանքները բացահայտելու և նմանաբնույթ հայտարարությունների իսկությունը հաստատվելու դեպքում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Մեր՝ «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչներիս համար, այս քարոզչական կողմի ձևավորման նպատակներից է եղել նաև հենց վերոնկարագրյալ իրավիճակների կանխումը և վերահսկումը, ուստիև՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն զուգահեռ, մենք դատարան ենք ներկայացրել և ներկայացնելու զրպարտության ու վիրավորանքի փաստով հայցադիմումներ՝ մեր դեմ հնարավոր զրպարտությունները կանխելու, և դրանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Հետևաբար, «Ոչ» քարոզչական կողմի վերաբերյալ նմանաբնույթ տեղեկատվություն ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ դիմել իրավապահ մարմիններին և/կամ տեղեկացնել մեզ»։