Քոչարյանի պաշտպանները Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրին (տեսանյութ)

13:03 • 03.03.20

15։40

Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց՝ պաշտպանական կողմը անցել է իրավունքի չարաշահման:


Դատախազը դատավորին առաջարկեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը թողնել առանց քննության: «Առանց հիմքերի, նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացվում, որոնց պատճառով կողմերը բովանդակային քննարկման անցնել չենք կարողանում անցնել»,-ասաց նա:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ, առարկություն ներկայացնելիս ասաց, որ
սույն դատական նիստի ընթացքում կողմերի հավասարությունը դասական իմաստով պահպանվում է. «Չկա որևէ հարց, որ ես նկատեմ, թե պաշտպանական կողմի որևէ իրավունք սահմանափակվում է, եթե ես նկատեմ, որ մեղադրանքի կողմին տրվում է առավելություն, ես ինքս կարձագանքեմ»,- ասաց Բաղդասարյանը:

Նա անտեղի համարեց դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի հիմքի և դատավոր Աննա Դանիբեկյանին ճնշելու փորձ կատարած անձանց գործի համեմատությունը:


Բաղդասարյանն ասաց՝ մի դեպքում վիճարկվում է դատավորի այդ գործով նախկինում ենթադրյալ կայացրած որոշումը, մեկ այլ դեպքում՝ փորձ է արվել առերևույթ միջամտություն կատարել դատարանի գործերին:


15։00

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Նա ասաց, որ անմիջապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, վարչապետն ու նրա թիմակիցները, անտեսելով իրական վարկածն ու անմեղության վարկածը, սկսել են տարածել ու մինչև այժմ տարածում են այնպիսի բովանդակությամբ տեղեկատվություն, որով Ռ.Քոչարյանը ներկայացվում է իբրև հանցագործ։

Փաստաբանը հիշատակեց նաև վարչապետի խոսքերից օրինակ՝ «Ով Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում, նա մեր դեմ է աշխատում»։

Պաշտպանը հիշեցրեց նաև ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումը, վարչապետի կոչը՝ արգելափակել դատարանների մուտքերը, Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված զարգացումները։

 

Ալումյանը նաև Հիշեցրեց այն, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր, որ «իշխանությունները ցանկանում են, որ բոլոր մեր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի եւ Աննա Դանիբեկյանի նման»:


13։ 20


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության լուծումը հետաձգել մինչև էական հանգամանքների պարզումը:

Դատական նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։