Հրվ. Կորեայում կորոնավիրուսով վարակվածները ստիպված են հերթ պահել հոսպիտալացվելու համար
Հարավային Կորեայի իշխանությունները չեն կարողացել կանխատեսել Տեգու քաղաքում կորոնավիրուսի համաճարակի մասշտաբները. այժմ այնտեղ չեն բավականացնում հիվանդանոցային պալատները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Կորեայի Հանրապետության առողջապահության փոխնախարար Կիմ Գան Նիպին:
«Տեգուում շուրջ 1800 հաստատված վարակվածներ չեն կարողանում հոսպիտալացվել կամ մեկուսացվել հատուկ բժշկական կենտրոններում և սպասում են իրենց հերթին: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ մենք չկարողացանք կանխատեսել կորոնավիրուսի տարածման մասշտաբը, ինչի պատճառով շատ վարակվածներ ստիպված են սպասել իրենց տներում»,-հայտարարել է փոխնախարարը ճեպազրույցի ժամանակ:
Կիմ Գան Նիպը տեղեկացրել է նաև, որ այժմ ծրագրվում է ավելացնել սովորական քաղաքացիների ստուգումները:
Հարավային Կորեայում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4812 դեպք, մահացածների թիվը կազմում է 29: Առողջացել է 34 մարդ, ավելի քան 35 000 մարդու անալիզներ դեռևս ուսումնասիրման ընթացքի մեջ են, 125 000 անալիզների պատասխանները արդեն պարզ են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վարակից:










