2019-ին Ֆինանսների նախարարությունում ստացել են մոտ 1 միլիոն 100 հազար դոլար պարգևավճար. Analitik.am
ՀՀ Ֆինանսների նախարարությունում 2019-ին ստացել են 524 818 136 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 1 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են Ֆինանսների նախարարությունից։ Նշել են նաև, որ 2019-ին նախարարությունում ամեն ամիս պարգևավճար է ստացել մոտ 344 աշխատակից։
Ֆինանսների նախարարությունը հրաժարվել է հայտնել, թե ինչքան պարգևավճար են ստացել նախարարը և փոխնախարարները 2019 թվականին՝ ասելով, թե այդ մասին տեղեկատվություն կարելի է գտնել եկամուտների մասին հայտարարագրերում, երբ դրանք հրապարակվեն։
Analitik.am-ը փորձել է բացատրել նախարարությանը, որ հանրային միջոցների օգտագործման մասին տեղակատվությունը նախարարությունն իրավունք չունի գաղտնի պահել ԶԼՄ-ից և հասարակությունից, սակայն նախարարությունից կտրուկ հրաժարվել են որևէ տեղեկություն տրամադրել նախարարի և փոխնախարարների ստացած պարգևավճարների չափի մասին՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց՝ առանց աշխատողի գրավոր համաձայնության։
Սակայն դիտարկմանը, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի կարող համարվել աշխատող, ում կողմից պետական բյուջեից ստացած պարգևավճարների չափը կարող է համարվել անձնական տվյալ և գաղտնի պահվել, նախարարությունից պատասխանել են, որ ավել տեղեկատվություն չեն կարող տրամադրել այս պահին:
Analitik.am-ը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու համար, թե արդյոք վերջինս տեղյակ է, որ որոշ նախարարներ ցանկանում են գաղտնի պահել հանրային միջոցներից ստացած պարգևավճարների չափը, արդյոք իր հրահանգով է դա արվում:












