Առաջարկվում է, որ ԲԴԽ-ում դատավորի թեկնածություն քննարկելիս հաշվի առնվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդակցական եզրակացությունը

17:35 • 03.03.20

Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Փաթեթը բավականին երկար քննարկում է անցել, Վենետիկի հանձնաժողովի կողմից նախագծի կարգավորումների հետ կապված կարծիք է ներկայացվել»,- ասաց նա և նշեց, որ լսել են նաև շահագրգիռ կողմերի կարծիքները:

Նախագծով առաջարկվում է, որ ԲԴԽ-ում այսուհետ դատավորների հավակնորդների թեկնածությունները քննարկելիս հաշվի է առնվելու նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդակցական եզրակացությունը՝ հավակնորդի բարեվարքության վերաբերյալ, ինչը ենթադրում է կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նախկին աշխատանքային պարտականությունների կատարման վերաբերյալ եզրակացություն:

«Թեկնածուների հավակնորդները լրացնելու են հարցաթերթիկ՝ կապված գույքային որոշակի դրության հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող է ուսումնասիրության առարկա դառնալ: Սահմանվել է նաև գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմք: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է զբաղվելու այս գործառույթով: Եթե հիմնավորվում է, որ օրինական եկամուտներով չի հիմնավորվում որևէ գույքի առկայությունը կամ այլ խախտումներ են հայտնաբերվում դատավորի կողմից ներկայացված հայտարարագրում, ապա հանձնաժողովին վերապահվում է այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու և ԲԴԽ-ին միջնորդությամբ դիմելու գործառույթը»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ ԲԴԽ-ի լիազորությունները կարգապահական վարույթի շրջանակում ընդլայնվել են, մասնավորապես, վկա հրավիրելու, փորձաքննության նշանակելու մասով: