Հայտնի է դարձել 2019-nCoV կորոնավիրուսի մոտ «ազգականը». հրապարակվել են կորոնավիրուսի դասակարգման արդյունքները
Կորոնավիրուսների գծով ուսումնասիրություններ անող միջազգային գիտախումբը՝ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Գորբալենի և նրա աշխատակիցների մասնակցությամբ, հրապարակել է 2019-nCoV ժամանակավոր անվանմամբ հայտնի վիրուսի դասակարգման արդյունքները:
Ինչպես ասվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ, մասնագետները ստեղծել են վիրուսի արդիական դասակարգումը: Հետազոտության արդյունքներով նոր տեսակի կորոնավիրուսը ճանաչվել է SARS-CoV սուր շնչառական համախտանիշի մոտ «ազգականը» և ստացել է SARS-CoV-2 անվանումը: Աշխատության արդյունքները հրապարակվել են Nature Microbiology գիտական ամսագրում:
SARS-CoV վիրուսը շնչառական հիվանդությունների բռնկման պատճառ էր դարձել 2002-2003 թվականներին:
Գիտնականներն ընդգծել են, որ նոր վիրուսների դասակարգումը հիմնվում է արդեն հայտնի վիրուսների հետ դրանց գենետիկ առնչության վրա: Ներկա պահին կորոնավիրուսի 39 տեսակ է հայտնի:
Նշվում է նաև, որ SARS-CoV-2 վիրուսն ի հայտ է եկել 2002-2003 թվականներին տարածված SARS-CoV-ից անկախ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ COVID-19 կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացության դեպքերը գերազանցել են 3100-ը, վարակակիր է ավելի քան 90 000 մարդ: Վիրուսը տարածվել է 72 երկրում:










