Իրավապահ մարմինները չեն տիրապետում խնդրին, ոստիկանները շատ հաճախ իրենց` պետության և օրենքի կողմից պաշտպանված չեն զգում. Կարեն Սիմոնյանը՝ Վանաձորում տեղի ունեցած սպանությունների մասին (տեսանյութ)
Բացի այն, որ իրավապահ մարմինները չեն տիրապետում խնդրին, նաև ոստիկանները շատ հաճախ իրենց պետության և օրենքի կողմից պաշտպանված չեն զգում: Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանություններին:
«Մենք հանգում ենք շատ վատ վիճակագրության. տեղի են ունենում գործընթացներ, երբ իրավապահ մարմինները տվյալ քաղաքում չեն տիրապետում իրավիճակին: Չեն կարողանում ապացուցել, որ զենքը տվյալ անձին է պատկանում, մի քանի օր հետո նա սպանվում է, ստացվում է, որ այս իրավիճակում ունենք լուրջ խնդիրներ, որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ տեղի են ունենում ոստիկանական բարեփոխումներ, սակայն ականատես ենք լինում, որ այս պարագայում անտեսվում են ոստիկանության և ոստիկանի անվտանգության երաշխիքները, ինչը պետք է լինի առաջնային պայմաններից մեկը:
«Ոստիկանության օպերատիվ իրավիճակի վերահսկողությունը նույնպես բավարար մակարդակում չի գտնվում, տեղեկատվության ստացման, մշակման հետ կապված խնդիրներ ևս կան»,-նշեց Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










