Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարեին, որ դեղատներն անհրաժեշտ դեղորայքով ու դիմակներով ապահովված լինեին, սա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան. Գագիկ Ծառուկյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նոր կորոնավիրուսի դեմ Կառավարության պայքարի մեթոդները շատ վատ է գնահատում: Նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլորն էլ գիտեին, որ կորոնավիրուսը մեկ ամիս առաջ ամբողջ աշխարհում տարածվում էր:
«Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, սեփականատերերին և դեղատներին, որ, անպայման, ապահովեն անհրաժեշտ բուժման միջոցների և դիմակների հարցը: Մեկ ամիս հետո եկել, չոքել է մեր դուռը նայում ես՝ «մասկաներ» չկան, դեղորայք չկա»,- ասաց նա:
Հարցին՝ ցանկացել է դիմակ գնի, սակայն չի ճարե՞լ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդություններից չի կպնում: Բայց եթե բարի առաջարկներ են լինում, մարդիկ պետք է բարի լինեն այդ առաջարկները լսել, կատարել, ոչ թե արդարանան, արդարանում են միայն թույլ մարդիկ»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Իրանից եկած մեր հայրենակիցներին պետք էր ժամանելուն պես առանձնացնեին՝ հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը 2 շաբաթ է:
«Մարդիկ եկան՝ 2 շաբաթ պետք է առանձացնեին, դիագնոզը հասկանային, չէ՞ որ եկողը մայր է, հայր է, գնում է տուն, որտեղ փոքր երեխաներ կան, ծնող կա ... դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան ... Այդ անհրաժեշտ բաները պետք է արվեն»,– ավելացնելով, որ Կառավարության անդամները միայն արդարանում են։
Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ վատ է վերաբերվում այն հանգամանքին, որ Իրանից եկած քաղաքացիներին մեկուսացրել են Ծաղկաձորում: «Ամբողջ Ծաղկաձորը դատարկ է, մարդիկ Ռուսաստանից հյուրանոցներ էին ամրագրել, տոմսեր էին գնել, նույն պահին, երբ հայտարարել են, թե տանում են Ծաղկաձոր, վերադարձրել են ամեն ինչ, հիմա ամբողջը դատարկ է ... հյուրանոցները լրիվ դատարկ են»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ վարչապետն ասել է, որ այդ ամենը ուռճացվել է, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Հիմա պե՞տք է մեքենա տամ ձեզ, նստեք բոլորդ ու գնացեք, կտեսնեք, որ ամեն տեղ դատարկ է, մարդ չկա Ծաղկաձորում»:










