Վահե Էնֆիաջյանն առաջարկում է Հայրենական պատերազմի վետերաններին ամսական 100,000 պատվովճար տալ (տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Վահե էնֆիաջյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին անդրադարձավ Արցախյան հերոսամարտին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ պետական քաղաքականությանը և նշեց, որ այն պետք է լինի համարժեք:
Նա նշեց, որ թեև տարբեր ծրագրեր իրականացվել, իրականացվում են, սակայն տարբեր սպասելիքներ կան, որոնք ուշացած են, ուշանում են և այս հարցերի հետ կապված գործնական քայլեր պետք է իրականացնեն:
«Գաղտնիք չէ, որ այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձը և ես հարցում եմ իրականացրել և պարզել, որ ՀՀ-ում բնակվում է Հայրենական պատերազմի կամ դրան հավասարեցված 276 վետերան, և գտնում ենք, որ նախատոնական այս միջոցառումներին ընդառաջ պետք է պետական բյուջեից միջոցներ հատկացնենք»,-ասաց նա:
Վահե Էնֆիաջյանը նշեց, որ հաշվարկներ են իրականացրել, որոնք ներկայացնելու է Կառավարությանը, որպեսզի այս վետերաններին տրվի ֆինանսական աջակցություն, քանի որ տարիներ շարունակ մեդալներ, պատվոգրեր տրվել են, մայիսին էլ Անմահ գնդի ծրագիրը կիրականացվի:
«Մենք կկարևորենք , կխոսենք, բայց նրանք այն տարիքում են, այն սոցիալական վիճակում են, որ առողջական խնդիրներ ունեն, մենք անպայման պետք է ֆինանսապես կարևորենք և յուրաքանչյուր ամսվա համար նվազագույնը 100,000 հազար կարողանանք այս պատվովճարները պետական բյուջեից իրականացնենք»,-ասաց նա:










