Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը բարձր է սեզոնային գրիպի մահացության տոկոսից. ԱՀԿ

23:15 • 03.03.20

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացածների տոկոսը կազմում է 3.4, ինչը զգալիորեն բարձր է սեզոնային գրիպից մահացության ցուցանիշից. այն 1 տոկոսից էլ քիչ է կազմում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Համաշխարհային մակարդակով մահացել են COVID-19 վիրուսով վարակվածների 3.4 տոկոսը: Համեմատության համար, սեզոնային գրիպից հիմնականում մահանում է վարակվածների 1 տոկոսից քիչ մարդ»,- կազմակերպության ղեկավարի հայտարարությունը մեջբերվում է ԱՀԿ-ի թվիթերյան էջում:

«Բացի այդ, մենք պատվաստանյութեր և դեղամիջոցներ ունենք սեզոնային գրիպի դեմ, իսկ COVID-19-ի համար պատվաստանյութ և հատուկ բուժում ներկա պահին չկա: Սակայն իրականացվում են դեղամիջոցների կլինիկական փորձարկումներ, ինչպես նաև ավելի քան 20 պատվաստանյութ է մշակվում»,- հավելել է Գեբրեյեսուսը:

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը բարձր է սեզոնային գրիպի մահացության տոկոսից. ԱՀԿ