Հրազդանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են 81-ամյա կնոջ սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Մարտի լույս 4-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 216 շենքի բնակարանում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել է, որ 81-ամյա տանտիրուհուն սպանել են․ դիակի զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Սկսվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք առանձնապես ծանր հանցագործությունից ժամեր անց արդյունք են տվել։ Հրազդանի ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզային վարչության և քննչական մարմնի ծառայողների հետ, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել էր տարեց կնոջը։ Կասկածվողը մարտի 4-ի լուսադեմին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։










