Սաուդյան Արաբիան արգելել է իր քաղաքացիներին ուխտագնացություններ կատարել դեպի Մեքքա և Մեդինա
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են բնակիչներին այցելել Մեքքա և Մեդինա սրբավայրերը «ումրահի»՝ տարվա ցանկացած ժամանակ կատարվող փոքր ուխտագնացության համար: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թագավորության ՆԳՆ ներկայացուցչին, այս որոշումն իշխանությունները կայացրել են՝ ելնելով կորոնավիրուսի տարածման մտավախությունից:
«Ելնելով կառավարության ցանկությունից՝ աջակցելու կորոնավիրուսի տարածումը կանխելու միջազգային կազմակերպությունների ջանքերին, այլ երկրների քաղաքացիներին «ումրահ» ուխտագնացությունները և Մեդինայում Մարգարեի մզկիթ այցելություններն արգելող հրահանգի հետ մեկտեղ, որոշում է կայացվել արգելել ուխտագնացությունները նաև Սաուդյան Արաբիայի բնակիչների և ենթակաների համար»,- ասվում է երկրի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարարությունից ընդգծել են, որ մշտապես հետևելու են իրավիճակին և կչեղարկեն այդ որոշումը, երբ վերանան դրա համար պատճառ դարձած հանգամանքները:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել Իրանից վերադարձած քաղաքացու մոտ:










