Կարող է լինել փայլուն իրավաբան, բայց կան պահեր, երբ նժարի վրա դրվում է մարդու ներքին համոզմունքը. Արման Աբովյանը՝ դատավորի տարիքային ցենզն իջեցնելու մասին (տեսանյութ)
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: Ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ով նշեց, որ ստիպված է ասել, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե այս փաթեթը բերվել է հապճեպ:
Ըստ նրա՝ հիմնական փոփոխություններից յուրաքանչյուրը յուրովի կարևոր է, ուստի կարիք կա առանձին-առանձին քննարկելու դրանք: Աբովյանը նշեց, որ փոփոխությունները փաթեթով բերելը սխալ է: «Խնդիրը նրանումն է, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են, դրույթները, որոնք կան, դրանց մի մասի հետ համաձայն ենք, կան դրույթներ, որոնք պետք է քննարկել»,-ասաց նա:
Անդրադառնալով դատավորի թեկնածուի հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից 25-ի իջեցնելուն՝ Արման Աբովյանն ասաց, որ նոր ավարտած ուսանողը չի կարող որոշել կյանքի ճակատագիր: «Եթե մարդ պետք է որոշում կայացնի ուրիշ մարդու կյանքի հետ կապված, նվազագույնը պետք է ունենա կյանքի փորձ: Կարող է լինել փայլուն իրավաբան, վունդերկինդ, բայց կան դրույթներ, պահեր, երբ այդ նժարի վրա դրվում է մարդու ներքին համոզմունքը և այդ պարագայում ոչ մի հոգեբանական թեստեր այդ կանխարգելիչ դերը չեն կատարի»,-ասաց նա:










