Տպավորություն է, որ այս ամբիոնից իմ անունն անընդհատ տալով՝ ուզում եք ինքնահաստատվել, բայց այստեղ թրոլինգի տեղ չի. Էդմոն Մարուքյանը՝ Սոս Ավետիսյանին (տեսանյութ)

17:19 • 04.03.20

Իրապես պետք է լինի հնարավորիս նեղ շեմ, պետք է լինի 25 միլիոն դրամ, այդ 25 միլիոնով հնարավոր կլիներ 2 տարի Էդմոն Մարուքյանին վարձատրել, այսինքն՝ այդ թվի նկատմամբ կարելի է քամահրանքով չվերաբերվել: Այս մասին Ազգային ժողովում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկումներին, թե նախագծում սահմանված 25 միլիոն դրամը ցածր է:

«Պետք է հաշվի առնել ձեռք բերված ապօրինի գումարների ամբողջ տրամաբանությունը և բռնագանձել»,-ասաց նա:

Իր ելույթում Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ Սոս Ավետիսյանի՝ իր վերաբերյալ ասածին և նշեց. «Տպավորություն է,որ այս ամբիոնից իմ անունն անընդհատ տալով ուզում եք ինքնահաստատվել, բայց այստեղ թրոլինգի տեղ չի, ես կոնկրետ նախագծի մասին եմ խոսում, Դուք ասում եք՝ 25 միլիոն դրամի աշխատավարձ, Ձեզ տվեք այդ աշխատավարձը»:

Ըստ պատգամավորի՝  նպատակային փորձ է արվում իրար սխալ հասկանալ և կոչ արեց մտնել աշխատանքային հուն վերադառնալ: «Երբ ես ասում եմ, որ 25 միլիոն դրամի շեմը ցածր է և պետական ռեսուրս ենք ծախսելու, որպեսզի 25 միլիոնի դրամի հետևից գնանք, դրա համար պետք է շեմը բարձրացնենք, ավելին ասեմ՝ 25 միլիոն դրամի շրջանակներում շատ ավելի հավանական է, որ անմեղ մարդիկ տուժեն, քան մեծ շեմի պարագայում»: