Ցուկերբերգը պատմել է՝ ինչպես է Facebook-ը մասնակցում կորոնավիրուսի դեմ պայքարին
Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը պատմել է այն քայլերի մասին, որոնք ընկերությունը ձեռնարկում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, գրում է radiosputnik.ria.ru կայքը:
Ցուկերբերգի խոսքով՝ Facebook-ն անշահախնդիր օգնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ սոցցանցում անվճար գովազդներ տեղադրելով կորոնավիրուսի վերաբերյալ, ինչպես նաև ջնջում է հիվանդության մասին ապատեղեկատվությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ սոցիալական ցանցը արգելք է դրել այն գովազդների վրա, որոնցում խոստանում են բուժել նոր կորոնավիրուսը:
Ինչպես նշել է Ցուկերբերգը, երբ օգտատերերը սոցիալական ցանցում կորոնավիրուսի հետ կապված որոնումներ են անում, ստանում են ծանուցում, որի օգնությամբ կարող են տեղափոխվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ տարածաշրջանային առողջապահական կառույցի կայք:
«Մենք աշխատում ենք երկրների առողջապահության նախարարությունների և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Մենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրում ենք անհրաժեշտության չափով անվճար գովազդային հայտարարություններ, նաև աջակցում ենք այլ կերպ: Բացի այդ, մենք կաջակցենք ու միլիոնավոր անվճար գովազդների հնարավորություն կտանք այլ կազմակերպություններին և սերտորեն կհամագործակցենք առողջապահության ոլորտում համաշխարհային փորձագետների հետ»,-հայտարարել է Ցուկերբերգը:
Նա ավելացրել է նաև, որ սոցիալական ցանցից ջնջվում են բոլոր տեսակի ապատեղեկատվությունները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վիրուսից:










