Ասպիրանտուրա ընդունվելու գործընթացում միտումները չեն փոխվել, տղաների հիմնական մոտիվացիան բանակից ազատվելն է. Սմբատ Գոգյան (տեսանյութ)

21:23 • 04.03.20

2019 թ. թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության ծավալը նվազել է մոտ 40 տոկոսով, թեև այդ շարքում կան բավական անորակ աշխատանքներ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

«Շատ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, մասնագիտական խորհուրդներ ունեն լուրջ թերացումներ գիտահետազոտական մեթոդների ուսուցման հարցում: Բուհերում բացակայում է ներքին որակի վերահսկողության մեխանիզմը: Դոկտորական ատենախոսությունների պահանջների խստացումից հետո ոմանք շտապեցին արագ պաշտպանել իրենց աշխատանքները՝ մինչև այդ դրույթների՝ ուժի մեջ մտնելը»,- ասել է պաշտոնյան:

Ըստ Գոգյանի՝ որակյալ կադրերը խուսափում են գիտական աստիճանաշնորհման համակարգի հետ գործ ունենալուց, քանի որ հաճախ վարկաբեկվում են, ներքաշվում սկանդալների մեջ. «Երբ հայցորդը բողոքում է, որ ձևավորված խորհուրդն իր հանդեպ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում, հնարավորություն ենք տալիս իր թեկնածուներին առաջարկելու, ընդ որում՝ նույնիսկ այդ դեպքերում երբեմն բացասական եզրակացություններ են գրվում»:

ԲՈԿ նախագահի կարծիքով՝ պաշտոնատար անձինք չեն կարող միաժամանակ արդյունավետ գիտական գործունեություն ծավալել, և հաճախ անհասկանալի է նրանց մղումը՝ ամեն գնով գիտական աստիճան ստանալ. «ԲՈԿ-ի լիազորությունները շատ սահմանափակ են, անձնակազմն էլ ընդամենը 14 հոգի է: Մենք չենք կարող բոլոր նախկին ատենախոսությունները քննել, անցյալը քչփորել, միգուցե տակից դուրս չգանք: Բայց պաշտոն ստանձնող մարդկանց մասին հանրությունն իրավունք ունի ճշմարտությունն իմանալու: Եվ գրագողերի մեքենայությունների մասին տեղեկատվությունն, ամեն դեպքում, սպրդում է»:

Սմբատ Գոգյանի պնդմամբ՝ այսօր էլ ասպիրանտուրան շարունակում է դիտարկվել իբրև զինծառայությունից ազատվելու միջոց. «Շատ ասպիրանտների հետ անձնական շփումս հուշում է, որ նրանց մոտիվացիան բնավ գիտությամբ զբաղվելը չէ: Տարեկան 100-150 ասպիրանտ ենք ունենում, եթե նրանց կեսն էլ գիտությամբ զբաղվի, էլի լավ է: Մեր գիտության վիճակն այսօր ծանր է, պետք է ամեն ինչ անենք, որ պաշտպանողները մնան գիտության մեջ, ոչ թե գնան մասնավոր հատված»:

ԲՈԿ նախագահի կարծիքով՝ իր ղեկավարած կառույցը կարող է փակվել, ինչի մասին հռչակել է ԿԳՄՍ նախարարը, երբ բուհերն ունենան բավականաչափ ներքին ռեսուրսներ: «ԲՈԿ-ի դերը դեմոնիզացված է, մենք շատ բան չենք որոշում: Մասնագիտական խորհուրդները բուհերում են գործում, կազմը նրանք են որոշում»,- ասել է Գոգյանը՝ հավելելով. «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծով՝ մեր գործառույթների մի մասը փոխանցվում է Գիտության պետական կոմիտեին, մնացածն էլ՝ բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին»:



Դավիթ Սարգսյան