Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1015-ի
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը Ճապոնիայում հասել է 1015-ի, որը նախորդ օրվա համեմատ ավելացել է 16-ով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական աղբյուրին, վարակվածների մեծամասնությունը՝ 706 մարդ, փետրվարի 5-19-ը Ճապոնիայում կարանտինի տակ գտնվող Diamond Princess զբոսանավի ուղևորներն ու անձնակազմի անդամներն են:
Վիրուսից մահացության դեպքերը վերջին մեկ օրում չեն ավելացել: Ընդհանուր առմամբ, մահացել է 12 մարդ, որոնց թվում՝ զբոսանավի 6 ուղևոր:
Նոր տեսակի կորոնավիրուսը 2019թ. վերջին սկսել է տարածվել Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Հիվանդության բռնկման մասին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Չինաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 80 000-ը, մահացել է 2956 մարդ: Համաշխարհային մակարդակով վարակվածների թիվը գերազանցում է 94 000-ը, մահացել է 3214 մարդ: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում բուժվել է 51 026 մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վիրուսը տարածվել է 72 երկրում:










