Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ եմ արել, որ իրավապահ մարմինները չեն հասցնում դրանցով զբաղվել. Նիկոլ Փաշինյանը՝ պետական համակարգում ծրարով աշխատավարձ ստանալու մասին

17:05 • 04.03.20

Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ եմ արել, որ ակնհայտորեն իրավապահ մարմինները չեն հասցնում դրանցով զբաղվել: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ Պետական համակարգում ծրարով աշխատավարձ ստանալու վերաբերյալ հարցին:

Պատգմավորը, մասնավորապես, հիշեցրեց ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պարգևավճարներ ստացող պաշտոնյաները 1.5 տարի առաջ ծրարով փող են ստացել, իսկ ըստ Մանե Թանդիլյանի՝ պետական համակարգում ծրարով փող ստանալը համակարգային կոռուպցիայի նշան է. «Արդյոք այս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինները զբաղվե՞լ են ձեր այդ հայտարարությամբ: Պարզե՞լ են, թե որքան և ովքեր են ստացել նման գումարներ, ինչքան են ստացել և ամենակարևորը՝ ումից»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան Մանե Թանդիլյանի հարցադրմանը, վարչապետը նշեց. «Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ եմ արել, որ ակնհայտորեն իրավապահ մարմինները չեն հասցնում դրանցով զբաղվել: Եվ ես էլ իմ դժգոհությունն եմ հայտնել մի քանի անգամ, որ իրավապահ մարմինները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում այն հակակոռուպցիոն քաղաքականությունը, որը ակնկալում եմ»:

Վարչապետի խոսքով՝ հանձնարարելու կարիք չկա, իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն: Նա վստահեցնում է, որ իր հայտարարություններին հետևում են գործողություններ, սակայն դրանք պարտադիր չէ, որ լինեն հրապարակային և բաց:

«Պետք է նաև արձանագրենք, որ նման պրոցեսը կարող է տեղի ունենալ երկու մարդու միջև և այդ պրոցեսների բացահայտման հետ կապված ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է՝ նույնիսկ, ամենազարգացած իրավապահ համակարգ ունեցած երկրներում: Այն պահին, երբ ես նման հայտարարություն արել եմ, այդ երևույթն արդեն իսկ դադարեցված է եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: