ԱՄՆ օդուժը խաղաղության պայմանագրի կնքումից օրեր անց հարվածներ է հասցրել «Թալիբան» շարժմանը

09:52 • 05.03.20

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել աֆղանական «Թալիբան» իսլամիստական արմատական շարժմանը, գրում է BBC-ն՝ վկայակոչելով ամերիկացի զինվորականների հայտարարությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն Աֆղանստանի Գիլմենդի նահանգին հասցված ավիահարվածի մասին է: Նշվում է, որ մինչ այդ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հարձակում էին իրականացրել Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի վրա:

«Դա պաշտպանական հարված էր, որը նպատակ ուներ կանգնեցնել հարձակումը»,- Twitter-ի իր էջում գրել է Աֆղանստանում ԱՄՆ Զինված ուժերի ներկայացուցիչ գնդապետ Սոնի Լեգեթը:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ բոլորովին վերջերս կնքված խաղաղության պայմանագրին, սակայն թալիբներին կոչ է արել դադարեցնել «անհարկի հարձակումները» և կատարել ստանձնած պարտականությունները:

Փետրվարի 29-ին ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնագիր էր ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, իրենց հերթին, պետք է ձեռնպահ մնան բռնությունից։

Լեգեթի խոսքով՝ թալիբները երեքշաբթի 43 հարձակում են գործել Գիլմենդի հսկիչ անցակետերի վրա:

«Վերջին երկու օրվա ընթացքում մենք ականատես եղանք Գիլմենդում թալիբների առավել ինտենսիվ հարձակումներին»,- AFP գործակալությանը հայտնել է նահանգի ոստիկանության ներկայացուցիչը: