Երևանի խոշոր սուպերմարկետներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառում (լուսանկարներ)

00:42 • 05.03.20

Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները կարող են անմիջականորեն հպվել:

Տեսչական մարմինը իրացման բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում ևս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը:

Լուսանկարներն արվել են «Երևան սիթի», «Սաս», «Կրպակ», «Էվրիկա», «Ծիրան», «Հայր և որդի Երիցյաններ»  և «Քարֆուր» սուպերմարկետներում: