ԵՄ Խորհուրդը կքննարկի միգրացիոն ճգնաժամի ֆոնին Հունաստանին աջակցություն տրամադրելու հարցը

03:45 • 05.03.20

ԵՄ Խորհուրդը մարտի 13-ին կքննարկի Հունաստանին միգրացիոն ճգնաժամով պայմանավորված աջակցություն տրամադրելու հարցը, հայտնում է РИА Новости-ն:

Խորհուրդը միևնույն ժամանակ դրական է գնահատել միգրացիոն ճգնաժամի պատճառով Հունաստանին անհապաղ 350 միլիոն եվրո տրամադրելու Եվրահանձնաժողովի որոշումը, ինչպես նաև ևս 350 միլիոնի հատկացում անելու առաջարկը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Հաղորդվում էր, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:

Հունաստանը Թուրքիային պաշտոնապես մեղադրել է Հունաստանի տարածքով Եվրոպա հասնել ցանկացող ապօրինի ներգաղթյալների հոսքը խթանելու համար:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Պաշտոնական Աթենքը տեղեկացրել է նաև, որ փախստականների նոր ալիքի պատճառով մեկ ամսով դադարեցնում է ապաստանի տրամադրման համար դիմումների ընդունումը:

Միցոտակիսը պատրաստվում է Եվրախորհրդի նախագահ ՇառլՄիշելի հետ այցելել Հունաստան-Թուրքիա սահման` ծանոթանալու իրավիճակին:

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանի սահմանը խախտել ցանկացող փախստականները պետք է հետ վերադառնան: