ԱԺ–ն քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը․ (տեսանյութ)

10:01 • 05.03.20


ԱԺ-ն քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ-ում այն ներկայացրեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Օրինագծով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին:

«Այդ դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը»,-ասաց պատգամավորը: Նա ընդգծեց նաև, թե օրենքի նախագծով կարագանա հարցաքննության ընթացքը:

Ըստ պատգամավորի՝ նախագիծը չի նախատեսում հարցաքննություն կատարել նաև արտերկրում գտնվող անձի հետ, սակայն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին կարող է տվյալ երկրում գտնվող հյուպատոսարանից հեռավար կարգով հարցաքննվել:

 

11:19

ԱԺ-ն քննարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է լրատվամիջոցներին և լրատվական գործունեություն իրականացնող անձանց առանց պետական տուրք վճարելու տեղեկություններ ստանալ պետական միասնական գրանցամատյանից՝ հայտ ներկայացնելու միջոցով:

Արդարադատության փոխնախարարը նաև նշեց, որ օրինագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում գրավոր առաջարկություններ չեն եղել:

 

11:10

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը: Այնուհետև հայտնեց, որ քվեարկության է դրվում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ասաց, որ իրենց խմբակցությունը նկատառումներն արել է և դեմ է քվեարկելու.«Կներկայացնենք առաջարկներ և եթե դրանք ընդունվեն, ապա երկրորդ ընթերցման ժամանակ կքվեարկեն կողմ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց, որ 20 րոպե ընդմիջում են խնդրում, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առարկեց, որ Կոնջորյանը չի կարող ընդմիջում խնդրել, դա պետք է անի խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը, վարման կարգով 20 րոպե ընդմիջում խնդրեց Հակոբ Սիմիդյանը: ԱԺ նիստն ընդմիջվեց 20 րոպեով:


10։01

ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան։ Օրակարգում են «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին հարցեր և այլ հարցեր։

ԱԺ նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։