Սինգապուրում Թուրքիայից ժամանած ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Սինգապուրի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլից ժամանած Turkish Airlines ավիաընկերության TK54 չվերթի ուղևորներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ստուգվում են բոլոր այն անձինք, որոնք հնարավոր է` շփվել են հիվանդի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Մինչ այս` Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չեն հաստատվել, մինչդեռ Սինգապուրում հաստատված դեպքերի թիվն անցնում է 100-ի սահմանը:
«Առողջապահության նախարարությունը չորեքշաբթի ուշ երեկոյան հաստատել է, որ 2020 թվականի մարտի 3-ին Թուրքիայից Սինգապուր ժամանած TK54 չվերթի ուղևորներից մեկի թեստը դրական պատասխան է տվել»,-ասված է Տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:
Սինգապուրի տրանսպորտի նախարարությունը, քաղաքացիական ավիացիայի վարչությունն ու օդանավակայանի ղեկավարությունը մշտական կապի մեջ են ավիաընկերության և ուղևորների հետ:
«Առողջապահության նախարարությունը սկսել է փնտրել այն մարդկանց, որոնք կարող էին շփում ունենալ վարակված ուղևորի հետ»,-ասված է հայտարարության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վիրուսից:










