Շվարցենեգերը դատի է տվել ռուսական ընկերությանը՝ իր ռոբոտ-նմանակը ստեղծելու համար (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը դատի է տվել ռուսական Promobot ընկերությանը՝ առանց իր թույլտվության իր կերպարն օգտագործելու և ռոբոտ-նմանակը ստեղծելու համար, հաղորդում է TMZ-ն։
Հայցվորները պահանջում են դադարեցնել Շվարցենեգերի կերպարի օգտագործումը և նրան 10 մլն դոլար փոխհատուցում վճարել, ներառյալ՝ ռոբոտի ցուցադրումից ստացած շահույթը։
Ինչպես ասվում է հայցադիմումի մեջ, Promobot ընկերությունը դերասանի ռոբոտ-նմանակն օգտագործում է հրապարակային միջոցառումների ժամանակ՝ գովազդելու և իր արտադրանքը վաճառելու համար: Պորտալի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարին Լաս Վեգասում CES ցուցահանդեսում Շվարցենեգերի արտաքինով ռոբոտի ցուցադրումից հետո դերասանի փաստաբան Մարտի Սինգերը դիմել է ռուսական ընկերությանը՝ խնդրելով դադարեցնել նրա կերպարի օգտագործումը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական ընկերությունը, ենթադրաբար, վստահեցրել է, որ կդադարեցնի ռոբոտ-նմանակի ցուցադրությունը, սակայն փետրվարին կրկին ներկայացրել է այն Նյու Յորքի խաղալիքների ցուցահանդեսում:
Promobot ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին Պերմ քաղաքում։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ ընկերությունը Ռուսաստանում, Հյուսիսային և Արևելյան Եվրոպայում ինքնակառավարվող ռոբոտների խոշորագույն արտադրողն է։ Ընկերության ռոբոտներն աշխատում են Մոսկվայի մետրոյում, Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում և այլուր։
.@Schwarzenegger’s creepy robot figure wants to be your friend! Arnold you down to be friends with it? pic.twitter.com/8ULXeFPbGq
— Digital Trends (@DigitalTrends) March 3, 2020










