Իրենք են մարդկանց սովորեցրել անարգել ու անպատվել իշխանավորներին և իրենք վաստակել են դրա պատասխանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Երևանի մետրոյում՝ ՀՀ վարչապետի տված բուկլետը պատռած քաղաքացու միջադեպին:
«2018թ. ապրիլի 12, Կոտայքի մարզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն անցնում է մայրուղով քայլող Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողքով։ Հիշու՞մ ենք ինչ արեց այն ժամանակ Փաշինյանը։ Ճիշտ է` սկսեց թռուցիկներ շպրտել երկրի ղեկավարի ուղղությամբ, հետո էլ շատ գոհ լայվում պատմեց այդ «հերոսության» մասին»,- գրել է Մելիք-Շահնազարյանը և հավելել, որ իր հետ քայլողներն էլ, որ հենց այս պահին բարոյականության քարոզներ են կարդում մետրոյի վագոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, իսկ այն ժամանակ հրճվում էին, հիանում ու հպարտանում։
«Գիտե՞ք ինչու այդ աղջիկն այդպես վարվեց։ Որովհետև Նիկոլն ու իր ատելության կուսակցությունը զրոյի են հավասարեցրել իշխանության հեղինակությունը։ Իրենք են մարդկանց սովորեցրել անարգել ու անպատվել իշխանավորներին և իրենք վաստակել են այդ պատասխանը»,- գրել է քաղաքագետը:










