Մեծ Բրիտանիան 5 միլիարդ դոլար է ծախսել Brexit-ին նախապատրաստվելու համար
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ավելի քան 5 միլիարդ դոլար է ծախսել երկիրը Եվրոպական Միությունից հանելու համար, հայտնում է ВВС –ն` հղում տալով Մեծ Բրիտանիայի պետական միջոցների վերահսկողության ծառայության հայտարարությանը:
«Պետական գերատեսչություններն ավելի քան 4 միլիարդ ֆունտ (ավելի քան 5 միլիարդ դոլար-խմբ.) են ծախսել ԵՄ-ի կազմից դուրս գալու նախապատրաստական աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ գումարը ներառում է անձնակազմի ծախսերը, արտաքին խորհրդատվություններն և գովազդային արշավները: Միևնույն ժամանակ վերահսկողության ծառայությունից հայտնել են, որ չեն գնահատում գին-որակ հարաբերակցությունը:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով` կառավարությունը հատկացրել է «բոլոր անհրաժեշտ միջոցները» երկիրը ԵՄ կազմից դուրս բերելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Եվրամիության և Մեծ Բրիտանիայի իշխանությունները Brexit-ից հետո առևտրային համագործակցության բանակցություններ են սկսել:










