Եթե մինչև վաղը ժամը 11-ը Վայոց ձորի նախկին մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, որդուս անգիտակից մարմինը կբերեմ Կառավարության մոտ․ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը դիմեց Փաշինյանին (տեսանյութ)
Որդիս 6 ամիս է՝ կոմայի մեջ պառկած է, մինչև հիմա ոչինչ չի ձեռնարկվել, քանի որ քննչական մարմինները նախկին մարզպետին փորձում են արանքից հանել: Այս մասին Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց դաժան ծեծի ենթարկված, կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Կարեն Մխիթարյանը: Նա ընդգծեց, որ փոխանակ միջադեպի բոլոր մասնակիցներին պատասխանատվության ենթարկեն, այդ թվում՝ նախկին մարզպետին, դատարանը գրավի դիմաց ազատ է արձակում գործով կալանավորվածներից մեկին:
«Վաղը ուղիղ ժամը 11-ին ես կսպասեմ ձեր պատասխանին, եթե նախկին մարզպետը մնացած 5 հոգու հետ չկալանավորվեն, Եղեգնաձորի պետը ու քննչականի պետը չկանչվեն պատասխանատվության, որդուս անգիտակից մարմինը կվերցնեմ ու կսկսեմ արշավը կառավարության մոտ»,-ասաց նա՝ դիմելով Փաշինյանին:՝
Կարեն Մխիթարյանի խոսքով՝ դատական համակարգը կարող է առուծախի մեջ մտնել ցանկացած հանցագործի հետ՝ բյուջեն լցնելու համար: «Իրենց համար մեկ է, թե ով ինչ է տալիս: Ես չգիտեմ՝ ինչ անեմ, մինչև հիմա լռել էի, պարոն Փաշինյանը ինձ խոստացել էր, որ արդար քննություն կանեն, պարոն Տոնոյանն էլ տղամարդու խոսք էր տվել, որ էս գործը չի կոծկվի: Քանի որ իմ ձայնը չի հասել պարոն Փաշինյանին, պարոն Տոնոյանին, ձեր (խմբ. ԶԼՄ-ներ) միջոցով ուզում եմ տեղեկացնել: Դիմում եմ ձեզ, պարոն Փաշինյան, գրածս երեք նամակի պատասխանը Քննչականը չի տվել, պարոն Տոնոյան, ձեզ գրած դիմումի պատասխանը չեմ ստացել»,-ասաց նա:
Կարեն Մխիթարյանն ասաց, որ գործով քննիչն իր հետ քննարկել է նախկին մարզպետի մասնակցության գործոնը մի կողմ դնելու հարցը: «Ասում եմ ինչ ապացույց ունես, ասում է՝ տեսախցիկը ցույց է տվել, որ մարզպետն էնտեղ չի եղել: Առերեսման ժամանակ 4 հոգի՝ 3 սպա, 1 հարևան ասում են՝ մարզպետը այնտեղ է եղել, իրենք դա կոծկում են»,-ասաց նա:










