«Մեծ ամոթ». Կարո Փայլանը համարում է, որ Էրդողանը պարտվել և նվաստացվել է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ
Թուրքիայի Միլլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցություններին, նշելով, որ Թուրքիայի նախագահը մեծ պարտություն է կրել այդ բանակցություններում:
«Էրդողանը խիստ տուժել է Ռուսաստանում: Պուտինը ստացավ այն, ինչ ուզում էր: Դա էլ բավարար չէ, նա Էրդողանի թիմին նստեցրել էր Օսմանյան կայսրությանը բազմիցս հաղթած Եկատերինայի արձանի տակ: 1878թ. Օսմանյան կայսրության նկատմամբ Ռուսաստանի հաղթանակը խորհրդանշող քանդակն էլ Էրդողանի ետևում էր: Մեծ ամոթ»,-գրել է հայազգի պատգամավորը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել է Կրեմլի սրահում` քանդակագործ Եվգեն Լանսերի «Բալկանների վրայով անցում» բրոնզե ժամացույցի տակ: 19-րդ դարի արվեստի գործի վրա պատկերված է ռուս զինվորականների սխրանքները, որոնք 1877-1878թթ. պատերազմում ջախջախել են թուրքերին Բուլղարիայում:










