Ռուսները նկատել են Ղրիմի և ռուս-թուրքական պատերազմի վերաբերյալ Պուտինի ակնարկն Էրդողանին (լուսանկարներ)

20:05 • 06.03.20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել է Կրեմլի սրահում` քանդակագործ Եվգենիյ Լանսերեի «Բալկաններով անցում» բրոնզե ժամացույցի տակ: Այս մասին գրում է lenta.ru կայքը:

19-րդ դարի արվեստի գործի վրա պատկերված են ռուս զինվորականների սխրանքները, որոնք 1877-1878թթ. պատերազմում ջախջախել են թուրքերին Բուլղարիայում: Այս ակնարկը նկատել են Twitter սոցիալական ցանցի ռուսալեզու օգտատերերը:

Օգտատերերը նկատել են նաև, որ թուրք առաջնորդին էր նայում Եկատերինա 2-րդի արձանը: Հենց այս ռուս թագուհին է 1783թ. նվաճել Ղրիմն օսմանցիներից և միացրել Ռուսական կայսրությանը: Բլոգերները հասցրել են արդեն այս դեպքը բնորոշել որպես «ծաղրանք սուլթանի նկատմամբ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում կողմերին հաջողվել է հասնել համաձայնության Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված հուշագրով, որն, ի դեպ, արդեն իսկ ողջունվել է ԱՄՆ կողմից, ճանաչվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատվել է հավատարմությունը՝ միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը հասնելու, համաձայնություն էր ձեռք բերվել մարտի 5-ի լույս 6-ի կեսգիշերից ողջ շրջանում զինադադարի հաստատման մասին, կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի, որը ձգվելու է Սիրիայի М-4 մայրուղու շուրջ՝ վեց կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպի հարավ, մարտի 15-ից սկսել համատեղ պարեկություն Սիրիայի М-4 տարածքի շրջանում։