Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի

02:36 • 07.03.20

Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի: Նախկինում նշվում էր վարակման 6 դեպքի մասին: Տեղեկացնում է Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը, գրում է Life.ru-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունից վերադարձած Ադրբեջանի երեք քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրանցից մեկը վերադառնալուց մի քանի օր անց դիմել է հիվանդանոց՝ առողջական խնդիրների պատճառով»,- հաղորդում է շտաբը:

Նշվում է, որ առաջին ստուգման ժամանակ հիվանդի մոտ ախտորոշվել է սովորական թոքաբորբ, սակայն վերջին անալիզը հաստատել է կորոնավիրուսով վարակման փաստը: Ներկա պահին բժիշկները հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր:

Մյուս երկու վարակվածներն ուսանողներ են, որոնք ուսանում են Իրանի Կում համալսարանում: Նրանք կարանտինի մեջ էին, երբ ստուգման արդյունքները դրական են եկել: Շտաբում ընդգծել են, որ նրանք իրենց լավ են զգում, գտնվում են հատուկ հիվանդանոցում և որ իրավիճակը վերահսկելի է: