Շքեղ դասի մեքենաներ արտադրող McLaren ընկերությունը «քամելեոն-սուպերքար» է ներկայացրել՝ յուրահատուկ ինտերիերով (լուսանկարներ)
Բրիտանական McLaren ընկերության Special Operations (MSO) ստորաբաժանումը ներկայացրել է յուրահատուկ GT սուպերքարը, որը ներկայանում է թափքի եռագույն դիզայնի միաձուլվող երանգներով և հատուկ ընդգծված դիզայնով ինտերիերով:
Ինչպես հաղորդում է motor.ru-ն, սուպերքարը ներկել են կանաչի երեք երանգով և ներկի տարածման յուրահատուկ տեխնոլոգիայի շնորհիվ գույնը տարբեր կերպ է ընկալվում՝ կախված դիտելու անկյունից և լուսավորությունից:
Քամելեոն-գույնի տպավորություն ստանալու համար McLaren-ի մասնագետները 430 ժամ են ծախսել ներկման գործընթացի համար:
Մեքենայի սրահն ընկերության պատմության մեջ առաջին անգամ պատվել է բնական քաշմիրով, մուգ և դափնու կանաչ երանգով կաշվով: Մեքենայի նստատեղերի գլխի հատվածում ասեղագործված է MSO-ի ապրանքանշանը:
Մեքենան զինվել է 4 լիտր ծավալային, 620 ձիաուժ հզորություն զարգացնող V8 շարժիչով, որն աշխատում է յոթաստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ միասին: 100 կմ ժամ արագությունը նորույթը զարգացնում է 3.2 վայրկյանում, 200 կմ/ժամ-ը՝ 9 վայրկյանում:













