Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ աշակերտը կորոնավիրուսի պատճառով դպրոց չի հաճախում. ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Covid-19 կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով սահմանված կարանտինային պայմանների պատճառով երեխաներին չզրկել կրթության իրավունքից. ըստ կառույցի տվյալների՝ այս օրերին ամբողջ աշխարհում մոտ 370 մլն աշակերտ դպրոց չի հաճախում, գրում է inbusiness.kz-ը:
«Առնվազն մեկ ամիս առաջ Չինաստանը միակ երկիրն էր, որտեղ հաստատվել էր դպրոցների փակման անհրաժեշտությունը: Այդ ժամանակվանից ի վեր 29 երկիր COVID-19 կորոնավիրուսի կանխարգելման համար նման քայլի է գնացել: Այսօր ամբողջ աշխարհում յուրանքանչյուր հինգերոոդ աշակերտը (369 մլն երեխա և դեռահաս) զրկված է դպրոց հաճախելու իրավունքից»,- ասվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրությունում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում ճգնաժամերի հետևանքով դպրոցները ժամանակավորապես փակելը չպետք է երեխաների կրթության իրավունքի խախտման համար պատրվակ լինի:
Վերջինս նաև նշել է, որ աշխատում են մի շարք երկրների հետ ուսումնական ընթացքը նորարարական տեխնոլոգիաների միջոցով շարունակելու ուղղությամբ:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:










