ԱՄՆ-ում հայ մասնագետների ստեղծած «տիտանական» ստարտափը հայտնվել է Forbes-ի ցանկում

13:26 • 16.03.20

Արա Մաhդեսյանի և Վահե Կուզոյանի ստեղծած Service Titan ընկերությունը, որը կենցաղային սպասարկման ծառայության բիզնեսը կառավարելու թիվ 1 հարթակն է, մեծ հաջողությունների է հասել բարձր տեխնոլոգիաների միջազգային շուկայում և հայտնվել Forbes-ի ցանկում:

Ստարտափը ստեղծվել է 2012 թվականին Գլենդելում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Հեղինակավոր Forbes ամսագիրն այն ներառել է ամպային և շարժական ծրագրային լուծում ապահովող լավագույն 100 ընկերությունների ցանկի 14-րդ հորիզոնականում:

Կազմակերպությունը ծրագրային լուծումներով է ապահովում կենցաղային ծառայություններ (օդափոխություն, ջրամատակարարում, ջեռուցում, օդորակում, էլեկտրականության սպասարկում և վերանորոգում, ավտոտնակների դռների և բարձր լարման օդորակիչների սպասարկում) մատուցող ընկերություններին` օգնելով օպտիմալացնել աշխատանքը և բարելավել հաճախորդների սպասարկման որակը:

2018-ին ընկերությունը բիզնեսը զարգացնելու համար 165 միլիոն դոլար արժողությամբ ներդրումներ է ներգրավել Index Ventures, Dragoneer և այլ հայտնի ընկերություններից: Ստարտափը հիմնադրումից մինչև հիմա ստացել է 326 մլն ԱՄՆ դոլար ներդրում։

Բիզնես հարցերի վերլուծության աշխարհի խոշորագույն հարթակներից  մեկը` G2-ը, ServiceTitan-ն անվանել է առաջին ՏՏ ընկերությունը, որը ծրագրային լուծումներ է առաջարկում կենցաղային սպասարկման ոլորտում աշխատող ընկերություններին: G2-ը ընկերության վարկանիշը գնահատում  է 4` 5 աստղ ունեցող սանդղակով։ 

ԱՄՆ-ում հայ մասնագետների ստեղծած «տիտանական» ստարտափը հայտնվել է Forbes-ի ցանկում