Թրամփը գերմանական ընկերությանը 1 մլրդ դոլար է առաջարկել կորոնավիրուսի պատվաստանյութն ԱՄՆ-ին փոխանցելու դիմաց. The Guardian

14:47 • 16.03.20

Գերմանիայի իշխանություններին բարկացրել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերմանական դեղագործական ընկերությանն ահռելի գումար է առաջարկել կորոնավիրուսի նոր տեսակի պատվաստանյութի բացառիկ իրավունքների ստացման դիմաց, գրում է The Guardian:

«Գերմանիան չի վաճառվում»,-հայտարարել է էկոնոմիկայի նախարարը՝ մեկնաբանելով Welt am Sonntag պարբերականի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ Թրամփը CureVac դեղագործական ընկերությանը 1 մլրդ դոլար է առաջարկել պատվաստանյութը միայն Միացյալ Նահանգներին հանձնելու դիմաց:

Հաղորդվում է, որ Գերմանիայի իշխանությունները ֆինանսական լուրջ առաջարկներ են արել ընկերությանը, որպեսզի պատվաստանյութը մնա երկրում:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն իր հերթին ասել է, որ մյուսների կողմից գերմանացի հետազոտողների ստեղծած պատվաստանյութը բացառիկ իրավունքով ստանալու հնարավորությունն անթույլատրելի է:

Գերմանացի օրենսդիր Կրիստիան Լինդների կարծիքով՝ Թրամփն այժմ ամեն ինչի պատրաստ է  նախընտրական մրցապայքարում իր վարկանիշը բարձրացնելու համար:

Գերմանիայի առողջապահության նախարար Իենս Սպանն այս առնչությամբ հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի՝ CureVac-ին ուղղված առաջարկն անընդունելի է, քանի որ պատվաստանյութը պետք է ստեղծվի համայն աշխարհի, ոչ թե առանձին պետությունների համար:

Ինչ վերաբերում է դեղագործական ընկերությանը, ապա այն հայտարարել է, որ կկարողանա մի քանի ամսում պատվաստանյութ ստեղծել: CureVac-ի ներդրողները, սակայն, նշել են, որ պատվաստանյութը որևէ մեկ պետության չեն վաճառի:

 

 

C

Թրամփը գերմանական ընկերությանը 1 մլրդ դոլար է առաջարկել կորոնավիրուսի պատվաստանյութն ԱՄՆ-ին փոխանցելու դիմաց. The Guardian