ԱՄՆ-ում սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Ամերիկացի բժիշկները կսկսեն կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հայտնում է apnews.com կայքը։
Մարտի 16-ին պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը պատվաստանյութի փորձնական չափաքանակը կստանա։
Տեղեկությունների համաձայն՝ փորձարկման աշխատանքներին ընդհանուր առմամբ 45 կամավոր կմասնակցի։ Ուսումնասիրությունն իրականացվելու է Սիեթլ քաղաքի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում:
Նշվում է, որ պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտն ու Moderna Inc ընկերությունը։
Հաղորդվում է, որ նմուշները վիրուս չեն պարունակում, այդ պատճառով մասնակիցները վարակակիր չեն դառնա։ Փորձի հիմնական նպատակը պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցության նշանների հայտնաբերումն է, որոնց ի հայտ չգալու դեպքում հնարավոր կլինի արդեն առավել լայնամասշտաբ փորձարկումների անցնել։
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:










