Էլիզաբեթ 2-րդը բրիտանացիներին կոչ է արել «կենտրոնանալ ընդհանուր նպատակի»՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա

15:42 • 21.03.20

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը բրիտանացիրներին կոչ է արել միավորվել՝ հայտարարելով, որ յուրաքանչյուր ոք առաջիկա օրերին և ամիսներին պետք է իր դերակատարումն ունենա կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, գրում է The Guardian-ը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան «մտնում է մեծ անորոշության շրջան», սակայն հավելել է, որ «երկրի պատմությունն ստեղծվել է այն մարդկանց և համայնքների կողմից, որոնք միավորվում են մեկ ընդհանուր նպատակի հասնելու համար»:

«Մեզ բոլորիս խորհուրդ է տրվում փոխել մեր սովորական առօրյան և կենսակերպը հանուն մեր համայնքի ընդհանուր բարօրության, և, մասնավորապես, առավել խոցելի մարդկանց»,- բրիտանացիներին ուղղված իր հաղորդագրության մեջ ասել Է թագուհին։

Նա նաև բարձր է գնահատել գիտնականների, բժիշկների, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների և պետական աշխատողների աշխատանքը, բայց նախազգուշացրել է, որ առաջիկա ամիսներին յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր դերակատարումն ունենա կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։

«Մեզանից շատերը պետք է միմյանց հետ կապ պահպանելու նոր ուղիներ գտնեն և համոզվեն, որ մեր մտերիմներն անվտանգ են։ Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այս մարտահրավերը։ Կարող եք վստահ լինել, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք կատարել մեր պարտքը»,- ասել է Մեծ Բրիտանիայի միապետը։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: