Իմ ելույթից մի հատված, մոնտաժված տարածվեց և դիտարկվեց որպես բռնություն. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախկին տնօրենը դիմել է դատարան (տեսանյութ)

23:13 • 21.03.20

Չորս ամիս ղեկավարել եմ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը և այդ ընթացքում լուծել եմ  բազմաթիվ խնդիրներ՝ թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական, և թե՛ մասնագիտական ոլորտում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախկին տնօրեն Արմինե Դավթյանը: Նրա խոսքով, 2019 թվականի սեպտեմբերի սկզբերին ինքը զգացել է, որ  նախարարությունում փոխվել է վերաբերմունքը իր հանդեպ:

«Անընդհատ ինչ-որ խնդիրներ էին փորձում իմ առջև ծառացնել ու այդ խնդիրների վերաբերյալ ինձ բարոյախրատական  դասեր էին տրվում, որ ես սխալ եմ անում:  Այդ բարոյախրատական դասերը հիմնականում լինում էր նախարարի խորհրդականի ու փոխնախարարի մակարդակով, որոնք ես փորձում էի նորմալ ընդունել: Արդեն սեպտեմբերի 10-15-ը «Ֆեյսբուքում» հայտնվեց իմ ուղիղ եթերի ելույթից մի հատված, որը ինչ-որ տեղ մոնտաժված տարածվեց և դիտարկվեց որպես բռնություն»,- ասաց Դավթյանը:

Նրա խոսքով՝ տեսանյութը իր ուղիղ եթերից էր, որն արվել էր տնօրենների հետ նեղ շրջանակում խորհրդակցության ժամանակ: Այդ ընթացքում ինքն օրինակ է բերում, որ շատ հաճախ մանկավարժական գործունեության մեջ երեխան, երբ հիստերիայի մեջ է և երբ իրեն փորձում ես գրկել և հանգստացնել քո գրկի մեջ, այդ բռնելու պահը կողքից թվացել է բռնության գործադրում:

Դավթյանը  հանդիպման ընթացքում խոսել էր հայելային արտացոլման մեթոդի մասին, նշելով, որ փոքրիկ ապտակը կարող է ավելի արդյունավետ լինել երեխայի համար, քան ժամերով քարոզը․ «Եթե ինքն ինձ խփի կամ ինչ-որ մեկին խփի, ես կարող է արտապատկերեմ: Եղել ա, որ կծել է, ես էլ իրեն եմ կծել... երեխան ինձ խփեց, ես էլ իրան կամաց թուշիկին խփեցի...»,-ասել էր նա։

«Թվում է, թե երեխայի կամքին հակառակ ես անում, բայց նա հաճույքով նստում է քո գրկի մեջ: Իրեն դուր է գալիս, երբ քո գրկի մեջ մի փոքր սեղմելով հանգստացնում ես:  Այդ պահին նկարագիրը տալիս եմ, և իրավապաշտպանները ասել են, թե ես բռնություն եմ գործադրում ու խրախուսում: Հանդիպման ժամանակ խոսեցի պրոեկտիվ ապտակի մասին: Օրինակ բերեցի իմ պրակտիկայից, երբ ծնողը բերում է երեխային հիստերիայի մեջ, որ դու իրեն օգնես, պահի տակ սկսում ես կրկնօրինակել երեխային, երբ նա ինձ խփում է, ես իրեն նկարագրում եմ, որ պրոեկտիվ ապտակ եմ տալիս, թեթև ապտակի ձևը ցույց տալով՝ բայց չխփելով, այդ տեսարանը վերածեցին նրա, թե ես երեխային խփել եմ, ծեծել եմ, այն դեպքում, երբ կողքիս ծնող կար»,- նշեց Դավթյանը։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախկին տնօրենը դատական 2 հայցով դիմել է դատարան՝ հույս ունենալով վերականգնվել պաշտոնին:


Մանրամասները՝ տեսանյութում։