Չինաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները՝ կամավորների մասնակցությամբ. ԶԼՄ-ներ

19:32 • 21.03.20

Չինաստանում սկսվել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական 21jingji.com պարբերականին, սակայն պաշտոնապես փորձարկումների մեկնարկը չի հաստատվել:

Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները հայտնում է, որ փորձարկումներին 108 կամավոր է մասնակցում, որոնց բաժանել են 36 հոգանոց 3 խմբերի: Առաջին խմբին պատվաստանյութի ցածր չափաբաժին կներարկեն, երկրորդ խմբին՝ միջին, իսկ երրորդին՝ բարձր: Կլինիակական փորձարկումները նախատեսված է իրականացնել մարտի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Առաջին փուլն արդեն սկսվել է. պատվաստանյութը ներարկել են կամավորներին, սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսին: Նշվում է, որ փորձարկման մասնակիցներին 14-օրյա կարանտին է սպասվում՝ բժիշկների մշտական հսկողության տակ, այնուհետև նրանց կանոնավոր հետազոտությունների կենթարկեն կես տարվա ընթացքում:

Կամավորներից մեկը հայտնել է, որ փորձարկմանը մասնակցում են հիմնականում 18-60 տարեկան անձինք:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ Չինաստանում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել երկրի ներսում: