ԱՀԿ-ն երկրների միջև COVID-19-ի 1,5 միլիոն լաբորատոր թեստ է բաշխել

13:40 • 21.03.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն երկրների միջև բաշխել է COVID-19-ի 1,5 միլիոն լաբորատոր թեստ, սակայն ապագայում 100 անգամ ավելի շատ թեստի կարիք կլինի, գրում է korrespondent.net կայքը՝  հղում տալով ԱՀԿ արտակարգ իրավիճակների գծով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի հայտարարությանը։

«Սա առավել քիչ բարենպաստ սցենարով իրավիճակի զարգացման վերլուծությունն է, սակայն այս թվերի վրա պետք է կենտրոնանանք»,– ընդգծել է նա։

Ռայանի խոսքով` շատ դժվար է թեստերը դրա կարիքն ունեցող երկրներ հասցնել, քանի որ շատ երկրներ հիմնականոմ փակել են օդային և ցամաքային բոլոր սահմանները։

«Սակայն իրավիճակն անհույս չէ․ Չինաստանում արտադրողների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Դուբայում պահեստները զգալիորեն համալրելու համար, այս աշխատանքը շարունակական կլինի»,- հավելել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների գծով ծրագրի տնօրենը։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: